ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով գտնվում է Ադրբեջանում` հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում կքննարկեն ադրբեջանահայկական հարաբերությունների կարգավորման հարցը և մի շարք փաստաթղթեր կստորագրեն։                
 

ՏԱՐԵՄՈՒՏԻ, ԾՆՆԴՅԱՆ ԵՂԵՎՆՈՒ ԵՎ ՁՄԵՌ ՊԱՊԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ

ՏԱՐԵՄՈՒՏԻ, ԾՆՆԴՅԱՆ ԵՂԵՎՆՈՒ ԵՎ ՁՄԵՌ ՊԱՊԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ
25.12.2009 | 00:00

Տարեմուտը, որ մեզանում կոչվում է նաև ամանոր, կաղանդ, տարեգլուխ, նոր տարվա առաջին օրն է, որի տոնակատարությունը հասնում է դարերի խորքը և վաղնջական ժամանակներից բազում ժողովուրդների հիմնական տոնական օրերից մեկն է եղել ու այդպիսին է ցայսօր։ Բաբելոնյան աշտարակաշինությունից հետո ազգերը, ինչպես վկայում է Ս. Գրիգոր Տաթևացին, «յուրաքանչյուրն իր [վիճակված] տեղը` հեռավոր կամ մոտավոր աշխարհ մտնելուն պես` այդ օրը որպես տարեմուտ կարգեցին և իրենց որդիներին պատվիրեցին պատվել այդ օրը նվերներ տալով», ինչը և դառնում է յուրաքանչյուր ազգի համար տարվա առաջին օրը և ժամանակի հաշվման սկիզբը։ Տարեմուտի օրը նշվել է նաև գարնանը` բնության զարթոնքին, կամ աշնանը` բերքահավաքին։
Մեր հեռավոր նախնիները Տարեմուտը նշել են Նավասարդի (զենդերեն` նավ` նոր, սարդ` տարի) 1-ին, մեր օրացույցով` օգոստոսի 11-ին, այսինքն` այն օրը, երբ Հայկ Նահապետն իր լայնալիճ աղեղով նետահարեց «գոռոզացած Տիտանյան Բելին»։ Այսպես դրվում է Բուն թվականը հայոց կամ Հայոց հին շարժական տոմարը, որը, ըստ հայր Ղևոնդ Ալիշանի, ընկնում է ն. Ք. 2492 թվականին, իսկ նորագույն հետազոտությունների հիմամբ` ն. Ք. 2341-ին։
Հին Կտակարանում հրեաների ազատագրվելու ամիսն աստվածադիր օրենքով դարձավ օրացույցի առաջին ամիսը. «Այս ամիսը թող ձեզ համար ամիսների սկիզբը լինի. այն թող տարվա առաջին ամիսը լինի» (Ելք ԺԲ 2), ինչը խորհրդանշում էր հրեաների նոր հոգևոր կյանքը։ Սակայն բուն Նոր տարին` պայմանավորված մեծ իրադարձությունների կարևորությամբ, նշվում է նրանց օրացույցի 7-րդ` Թիշրի` մեր սեպտեմբեր-հոկտեմբերին համապատասխանող ամսում։ Հրեական Նոր տարին` Ռոշ-հաշանան, համընկնում է Թիշրի ամսվա 1-ին և 2-ին` աշխարհի արարմանը, որը, ըստ քրիստոնեական թվագրության, ն. Ք. 5508 թվականն է, իսկ ըստ եբրայականի` ն. Ք. 4004 թվականը` անկախ մերօրյա գիտության աշխարհի տարիքը միլիոնավոր տարիներով թվագրելու կարծիքից։
Ըստ Հին Կտակարանի` ոչ միայն Տարեմուտին, այլև բոլոր ամսագլուխներին` ամսվա առաջին օրերին, հատուկ զոհաբերություններ էին սահմանված։ Ընդ որում, սրանք պետք է ազդարարվեին եղջերափողի հնչեցմամբ։ Այսպես. սինագոգներում Նոր տարվա առաջին երկու օրերին եղջերափողը հնչեցվում է հարյուր անգամ և ապաշխարության` անցած տարին վերարժևորելու և Նոր տարվան նախապատրաստվելու խորհուրդն ունի։ Ըստ եբրայական ավանդության, Աստված` ժամանակի և կյանքի Տերը, այդ օրերին յուրաքանչյուր մարդու կյանքի շարունակականության մասին վճիռ է կայացնում, իսկ մարդը, հետևաբար, պետք է այդ օրերին աղոթի ու կյանք խնդրի։ Այս աղոթքներն աստվածապաշտական աղոթքների մեջ ամենաերկարաշունչներից են` սկսվում են վաղ առավոտյան և տևում մինչև 14.00։
Մինչև Հուլիոս Կեսարի անցկացրած տոմարագիտական բարեփոխությունը` Հուլյան տոմարը, և 1588 թվին Հռոմի պապ Գրիգոր 13-րդի հաստատած նոր տոմարը Արևմուտքում կենցաղավարում էր Հռոմեական տոմարը։ Ընդ որում, հռոմեացիները, որ ժամանակի հաշվարկման սկիզբ էին ընտրել Հռոմի հիմնադրումը` ն. Ք. 753 թվականը, այդ տոմարի ստեղծման երախտիքը վերագրում էին Հռոմի հիմնադիր Հռոմուլոսին։ Տոմարը նախապես բաղկացած էր 304 օրից` 10 ամիսների ամբողջությամբ (մարտից մինչև դեկտեմբեր. այս վերջինը, ի դեպ, թարգմանվում է տասներորդ)։ Ի սկզբանե հռոմեացիները Նոր տարին նշում էին գարնան առաջին օրը` մարտի 1-ին. այդ օրը կատարվում էր ձմռան արտաքսման արարողությունը։ Ավելի ուշ շրջանում հռոմեացիները հավելեցին ևս 50 օր` երկու ամիս. հունվարը, որ դարձավ առաջին ամիսը, կոչվեց ի պատիվ Յունուս դիքի` տան դռան և քաղաքի դարպասների պահապանի։ Յունուսը երկդիմի էր` մի դեմքով նայում էր հետ` անցյալին, մյուսով` առաջ` ապագային։ Իսկ Ք. ա. 153 թվից Տարեմուտը սկսվում էր հունվարի 1-ից, քանզի կոնսուլները հենց այդ օրն էին ստանձնում իրենց պաշտոնը։ Սակայն հունվարի 1-ին արդիական ըմբռնմամբ Նոր տարին նշելու սովորությունը պայմանավորված է քրիստոնեության տարածմամբ և Սուրբ ծնունդով։
Իսկ ինչ վերաբերում է քրիստոնեական թվագրության սկզբնավորմանը, ապա երկար ժամանակ սկիզբ է ծառայել աշխարհի արարումը, այն է` ն. Ք. 5058 թիվը, սակայն 6-րդ դարում մի կաթոլիկ հոգևորական` Դիոնիսիոս Կրտսերը, տարիները սկսեց հաշվել Հիսուս Քրիստոսի ծնունդից։ Ժամանակի հաշվման այս սկզբունքը շատ համահունչ էր կաթոլիկ եկեղեցու տարեկան ծիսական շրջանին, քանզի Նոր տարին` հունվարի 1-ը, արդեն ընկնում էր դեկտեմբերի 25-ին նշվող Ծննդյան տոնի 8-րդ օրը։ Այս թվագրությունը և հունվարի 1-ը, իբրև տարեմուտ, աստիճանաբար տարածվեց աշխարհով մեկ` Գերմանիայում XVI, Ֆրանսիայում XVII, Անգլիայում XVIII դարերից։
Ռուսաստանում, ուր Նոր տարին նշվում էր սեպտեմբերի 1-ին, Պետրոս Մեծի հրամանով 1700 թվից սկսյալ, մյուս քրիստոնեական ժողովուրդների օրինակով, հունվարի 1-ը հռչակվում է Տարեմուտ։
Հայաստանում Գրիգորյան տոմարն ընդունվեց 1920 թվին` անմիջապես խորհրդային կարգեր հաստատվելուց հետո, իսկ Հայաստանյայց եկեղեցին` 1924 թվի հունվարի 1-ին, թեև ցայսօր Եկեղեցու օրացույցում օգտագործվում է նաև Բուն թվական հայոցը և Տոմարական թվական հայոցը։
Այսօր Ամանորի գլխավոր զարդը` երեխաների անմեղ ուրախության և խնդության մաքրամաքուր աղբյուրը, եղևնին է` տոնածառը, որի ճիշտ անվանումը ոչ թե ամանորյա տոնածառ է, այլ Ծննդյան եղևնի։ Քրիստոնյա աշխարհում եղևնին բարեպաշտական սովորությունների մեջ ներառելու երախտիքը, հատկապես եղևնու վրա մոմեր վառելը, պատկանում է Մարտին Լյութերին։ Թեև գերմանական ցեղերը վաղնջական ժամանակներից երկյուղալից վերաբերմունք են ունեցել եղևնու նկատմամբ, սակայն նրա խորհուրդը կապված է մի բրիտանացի վանականի հետ, ով կաղնին աստվածացնող գերմանացի դրուիդների հետ բանավիճելիս տապալում է մի կաղնի, որն ընկնելով` տակովն է անում ու ջարդում կողքի ծառերը, բացի մի եղևնուց, որը և վանականը` Բոնիֆացիոսը, անվանում է Մանուկ Հիսուսի եղևնի։ Հարկ է նշել, որ մինչև 16-րդ դարը եղևնիները, իբրև տոնական ծառ, ոչ թե կտրում էին, այլ Ծննդյան տոներին տնկում։
Տոնածառն իր պայծառ խորհրդով քրիստոնեության մեջ ընկալվում է իբրև վերհուշ Կենաց ծառի, որը նախածնողների մեղանչմամբ` բարի և չարի գիտության ծառի պտուղը ճաշակելու պատճառով, դարձավ անմատչելի և երանելի բաղձանք մարդկության համար։ Այդ են վկայում ոչ միայն երեք համաշխարհային կրոնները` քրիստոնեությունը, մովսիսականությունն ու մահմեդականությունը, այլև հեթանոսականները, որոնցից` մեզ հասած կցկտուր բնագրերում և պատկերներում Կենաց ծառն անմահության բարձրագույն նպատակն է` բոլոր ժամանակների մարդկության որոնումների առարկան և խորհրդանիշը։
Քրիստոնեական աշխարհում այս ծառը կոչվում է նաև Ծննդյան ծառ, քանզի խորհրդավորապես կապվում է Կենդանի կենաց ծառի` Հիսուս Քրիստոսի հետ։ Իսկ տոնածառի գագաթը պսակող աստղը բեթղեհեմյան աստղն է, որն Արևելքից եկած մոգերին առաջնորդում էր դեպի մսուր, ուր պիտի ծնվեր Փրկիչը։ Եվ ինչպես մոգերն ընծաներ բերեցին Հիսուս մանկանը, այնպես էլ մենք ընծաներ ենք բերում Կենաց ծառին։
16-րդ դարում Գերմանիայում տոնածառը զարդարում էին գունավոր թղթից պատրաստված ծաղիկներով, մրգերով, ոսկեզօծ առարկաներով, որոնք իրենց ծանրության պատճառով աստիճանաբար դուրս մղվեցին գործածությունից ապակեգործ արհեստավորների պատրաստած գեղեցիկ սնամեջ խաղալիքներով։ Իսկ լույսերի մեջ ողողված եղևնին, այդ թվում նաև` այսօր գործածվող էլեկտրական լամպերի շղթան, խորհրդանշում է հոգևոր լույսը, որով Փրկիչը լուսավորեց ողջ աշխարհը, իսկ բովանդակ փայլփլող եղևնին խորհրդանշում է շնորհների արքայությունը` Փրկչի Ծննդյամբ աշխարհին պարգևած։ Խորհրդային տարիներին եղևնին արգելվեց իբրև քրիստոնեական բարեպաշտական սովորություն, ապա 1935-ին նորից թույլատրվեց, սակայն իբրև զուտ ամանորյա տոնածառ։ Սակայն պատմությանը հայտնի են քրիստոնեության և քրիստոնեական սովորությունների, այդ թվում նաև` տոմարի և Ամանորի դեմ պայքարի այլ դեպքեր։ Զորօրինակ` Ֆրանսիական մեծ հեղափոխությունը 1792 թ. սեպտեմբերի 22-ը` հանրապետության հռչակման օրը, կարգեց իբրև Նոր տարի, որը հետագայում լուծարվեց։
Ամանորյա հանդիսությունների գագաթնակետը եպիսկոպոսական գավազանը ձեռքին մեզ իր անսպասելի այցելությամբ ու նվերներով պատվող Ձմեռ պապն է, ում իրական նախատիպը Զմյուռնիա քաղաքի հայրապետ սուրբ Նիկողայոս Սքանչելագործն է։ Ծնվել է 280 թվին Փոքր Ասիայի Լիկիա նահանգում, վաղ հասակում կորցրել ծնողներին, դաստիարակվել քեռու տանը բարեպաշտության մթնոլորտում։ Նրա ողջ կյանքը Փրկչի պատգամի կատարյալ կատարում ու նվիրում էր. «Եթե կամենում ես կատարյալ լինել, գնա վաճառի՛ր քո ունեցվածքը ու տո՛ւր աղքատներին» (Մատթ. 19.21)։ Պատրիում ապրում էր երբեմնի մեծահարուստ, բայց դժբախտ հանգամանքների բերումով խիստ աղքատացած մի մարդ` երեք գեղեցկուհի դստրերի հայր։ Դժբախտ հայրը ոչ միայն դստրերի օժիտը չէր կարողանում ապահովել, այլև օրվա հացը, ուստի որոշում է զոհաբերել իր աղջիկների պատիվը։ Իմանալով այս հանցավոր մտադրության մասին` սուրբ Նիկողայոսը գուլպայի մեջ ոսկեդրամներ լցնելով գիշերը գաղտագողի մոտենում է նրանց տանը և գուլպան ներս նետում։ Եվ այդպես ևս երկու անգամ։ Ի դեպ, այսօր խանութներում նվերների տոպրակները գուլպայի ձև ունեն և այդ դեպքերի ավանդույթ դարձած արձագանքն են։ Նա ոչ միայն օգնել է աղքատներին, այլև իր աղոթքի զորությամբ բխեցրել ցամաքած աղբյուրները, բուժել հիվանդներին, հալածել դևերին, սուրբ երկիր ուխտագնացության ժամանակ հանդարտեցրել ալեկոծված նավը։ Սուրբ Հայրապետը 325 թվին մասնակցել է Նիկիայի տիեզերաժողովին, իսկ մեկ տարի անց կնքել մահկանացուն և մահից հետո էլ իր բարեխոսությամբ շարունակել օգնել մարդկանց։ Նա, իբրև ամենահաս սուրբ, դեռ կենդանության օրոք էլ մեծ ճանաչում ուներ և բոլորի տներում ամենացանկալի հյուրն էր։ Նկատվում է նավաստիների և մանուկների պաշտպան սուրբը, որոնց նկատմամբ ունի առանձնահատուկ հոգածություն։ Հույները և հռոմեացիները նրա տոնը նշում են դեկտեմբերի 6-ին, իսկ հայերը` Սուրբ խաչի տոնի 10-րդ կիրակիին հաջորդող շաբաթ օրը` նոյեմբերի 27-ին։
16-րդ դարում բողոքականությունը սրբերին պատվելու իր մերժմամբ լուծարեց նաև սուրբ Նիկողայոսի հիշատակի օրը։ Արգելելով երեխաներին նրա հիշատակի օրն ընծաներ տալու սովորությունը` բողոքականներն այն տեղափոխեցին Ծննդյան տոներ, սակայն նրա անունն այդպես էլ արմատախիլ անել չկարողացան։ Հոլանդիայում նրա բարեխոսությանը շարունակում էին գաղտնի դիմել, իսկ Ամերիկա գաղթածները նոր աշխարհ տարան իրենց Sinter Klaas-ին, որն այստեղ վերանվանվեց Santa Clause, կամ ինչպես կարճ ու փաղաքշորեն են նրան կոչում` Santa։ Ցավոք, Ամերիկայում սուրբ Նիկողայոսի ոչ միայն անունը ձևափոխվեց: Կ. Մուրն իր պոեմում նրան վերաբնակեցնում է Լապլանդիայում, որտեղից էլ նա իբր այցելում է մանուկներին։ Իսկ ավելի ուշ նրան սկսում են օգտագործել առևտրային նպատակներով, իսկ 1931 թվից կոկա-կոլայի գովազդներում` սփռված այսօր ողջ աշխարհում, այդ թվում նաև` Հայաստանում։
Որքան էլ Santa-ն հեռանա իր նախատիպից, այն միշտ կմնա սուրբ Նիկողայոս Սքանչելագործ` արագահաս սուրբ, որի երկնային օգնության մասին մերօրյա վկայություններ էլ կան։ Որքան էլ ծննդյան եղևնին վերածվի Ամանորյա տոնածառի, իր խորհրդով կմնա հոգևոր։ Իսկ Ամանորը թեև մեզ` քրիստոնյաներիս համար խորհուրդ ունի` Աստծուց անցած տարվա համար գոհանալու, և խաղաղությամբ գալիքն անցկացնելու, միևնույն է, ամանորյա տոների զորությունը Սուրբ Ծնունդն է` իրական խնդության և հույսի անսպառ աղբյուրը։ Երկրագնդի պտույտն իր առանցքի և Արեգակի շուրջ օրացույցի օրվա փոփոխություն է միայն, սակայն մարդու համար դա իմաստավորվում է «մեծ ու սքանչելի խորհրդով»` Փրկչի ծննդյամբ, քանզի Մանուկ Հիսուսի ծննդյամբ Աստծո արքայությունը հաստատվեց մեր մեջ, մարդն իմաստավորեց իր գոյությունը հարահոս ժամանակի և մահվան դեմ-հանդիման։
Ամանորին եկեղեցիներում սուրբ պատարագ է մատուցվում, իրար նվերներ են ընծայվում շնորհավորական խոսքերով։ Եվ հուսով ենք, որ սուրբ Նիկողայոսի բարեգործությունները մեզ առիթ կտան վերանայելու մեր վերաբերմունքն աղքատների, որբերի նկատմամբ, իսկ Ամանորի հոգևոր տոնը չի վերածվի զեխության` համադամ կերակուրների ճաշակմամբ և արբեցությամբ, քանզի, ինչպես ասում է սուրբ Հովհաննես Ոսկեբերանը. «Կարծում են, որ եթե տարվա առաջին օրն ուրախության և հաճույքի մեջ անցկացվի, ապա տարին էլ այդպիսին կլինի։ Բայց տարին երջանիկ կլինի ըստ ամենայնի ոչ թե այն պատճառով, որ հարբած ես եղել առաջին օրը, այլ որ առաջին և բոլոր օրերին աստվածահաճ կյանքով ապրես։ Իսկ եթե առաքինանալու ջանք չգործադրես, այլ երջանկություն սպասես ամսագլխից և այդ օրերի հաշվարկից, ապա դրանից քեզ ոչ մի բարիք չի գա»։ Նշենք, որ դեկտեմբերի 30-ից մինչև Ծննդյան տոնը պահքի շրջան է։
Իսկ Սուրբ ծննդյան և Աստվածահայտնության տոնը մեր Տեր Հիսուս Քրիստոսի աշխարհ գալու և հայտնության տոնն է, և մինչև 4-րդ դարը բոլոր քրիստոնեական եկեղեցիներն այս տոնը նշում էին միասնաբար հունվարի 6-ին։ 5-րդ դարից սկսյալ, արևմտյան եկեղեցիներն այն տեղափոխեցին դեկտեմբերի 25` փորձելով ձերբազատվել հեթանոսական տարածված մի տոնից։ Սակայն Հայաստանյայց եկեղեցին ավանդապահորեն չփոխեց առաքելաավանդ այդ տոնը և ցայսօր պահպանել է Սուրբ Ծննդյան և Մկրտության տոնակատարությունը հունվարի 6-ին։ Այդ օրը պատարագից հետո կատարվում է ջրօրհնեքի արարողություն, որը խորհրդանշում է Հորդանան գետում Հիսուսի մկրտությունը։ Օրհնած ջուրը բաժանվում է ժողովրդին։ Իսկ հունվարի 5-ի երեկոյան ճրագալույցի (ճրագ` մոմ, լուցանել` վառել) պատարագն է, որը խորհրդանշում է մոգերին առաջնորդող բեթղեհեմյան աստղը։
Ծննդյան տոնակատարությունների անքակտելի մասն է նաև տնօրհնեքը` հոգևորականների ձեռամբ քրիստոնյաների տներն օրհնելը, որը, սակայն, պայմանավորված է Քրիստոսի ծննդյան ավետիսը տանելու և որպես լույս բոլորի տների շեմից ներս սփռելու խորհրդով։ Այդ արարողության ընթացքում տանն օրհնվում են հացը, ջուրը և աղը` մարդու գոյության անհրաժեշտ նախապայմանները։
Իսկ հունվարի 7-ին, ինչպես բոլոր տաղավար տոների պարագայում է, պատարագ է մատուցվում ի հիշատակ մեռելոց և կատարվում է հոգեհանգստյան արարողություն։
Ի սրտե շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ
Գրիգոր ԴԱՐԲԻՆՅԱՆ

Դիտվել է՝ 4070

Մեկնաբանություններ